Անխելք մարդը

Published on: Author: levongharibyan Leave a comment

Ժամանակով մի աղքատ մարդ կար. որքան աշխատում էր, որքան չարչարվում էր, դարձյալ միևնույն աղքատն էր մնում։

Հուսահատված մի օր նա վեր կացավ, թե՝ պետք է գնամ գտնեմ աստծուն, տեսնեմ` ես երբ պետք է պրծնեմ այս աղքատությունից, ու ինձ համար մի բան խնդրեմ։

Ճանապարհին մի գայլ պատահեց.

― Առաջ բարի, մարդ-ախպեր, ո՞ւր ես գնում,― հարցրեց գայլը։

― Գնում եմ աստծու մոտ,― պատասխանեց աղքատը,― դարդ ունեմ ասելու։

― Դե որ գնաս աստծու մոտ,― պատասխանեց գայլը,― ասա մի սոված գայլ կա, գիշեր-ցերեկ ման է գալիս սարուձոր, ուտելու բան չի գտնում, ասա՝ մինչև ե՞րբ պետք է սոված մնա. որ ստեղծել ես՝ ինչո՞ւ չես կերակուր հասցնում։

― Լա՛վ,― ասաց մարդն ու շարունակեց ճանապարհը։

Շատ գնաց թե քիչ, պատահեց մի սիրուն աղջկա։

― Ո՞ւր ես գնում, ախպեր,― հարցրեց աղջիկը։

― Գնում եմ աստծու մոտ։

― Երբ որ աստծուն տեսնես,― աղաչեց սիրուն աղջիկը,― ասա այսպիսի մի աղջիկ կա՝ ջահել, առողջ, հարուստ, բայց չի կարողանում ուրախանալ, բախտավոր զգալ իրան. ի՞նչ պիտի լինի նրա ճարը։

― Կասեմ.― խոստացավ ճամփորդն ու գնաց. պատահեց մի ծառի, որ թեև ջրափին էր կանգնած, բայց չոր էր։

― Ո՞ւր ես գնում, ա՛յ ճամփորդ,― հարցրեց չոր ծառը։ ― Գնում եմ աստծու մոտ։

― Դե կանգնի՛ր, մի երկու խոսք էլ ես ապսպրեմ,― խնդրեց չոր ծառը,― աստծուն կասես՝ այս ի՞նչ բան է. բուսել եմ այս պարզ ջրի ափին, բայց ամառ-ձմեռ չոր եմ մնում. ե՞րբ պետք է ես էլ կանաչեմ։

Այս էլ լսեց աղքատն ու շարունակեց ճանապարհը։

Այնքան գնաց, մինչև գտավ աստծուն։ Մի բարձր ժայռի տակ, մեջքը ծառին դեմ տված, ալևոր մարդու կերպարանքով նստած էր աստվածը։

― Բարի օր,― ասաց աղքատն ու կանգնեց աստծու առաջին։

― Բարով եկար,― պատասխանեց աստված,― ի՞նչ ես ուզում։

― Էն եմ ուզում, որ ամեն մարդի էլ հավասար աչքով մտիկ անես, մեկին ավար չանես, մյուսին՝ խավար. ես այնքան տանջվում, աշխատում եմ, էլ չեմ կարողանում կուշտ փորով հաց գտնեմ, իսկ շատերը, որ իմ կեսի չափ էլ չեն աշխատում, հարուստ ու հանգիստ ապրում են։

― Դե գնա, հիմի կհարստանաս, քո բախտը տվեցի, գնա վայելի՛ր,― ասաց աստված։

― Էլ բան ունեմ ասելու, Տե՛ր,― ասաց աղքատն ու պատմեց սոված գայլի, սիրուն աղջկա ու չոր ծառի ապսպրանքը։

Աստված բոլորի պատասխանը տվեց, և աղքատը շնորհակալություն արավ ու հեռացավ։

Վերադարձին պատահեց չոր ծառին։

― Ինձ համար ի՞նչ ասաց աստված,― հարցրեց չոր ծառը։

― Ասաց, քո տակին ոսկի կա. մինչև այդ ոսկին չհանեն, որ արմատներդ հողին հասնի, դու չես կանաչիլ,― պատմեց մարդը։

― Էլ ո՞ւր ես գնում. արի՛ ոսկին հանիր, էլի, հա՛մ քեզ օգուտ կլինի, հա՛մ ինձ, դու կհարստանաս, ես էլ կկանաչեմ։

― Չէ՛, ես ժամանակ չունեմ, շտապում եմ,― պատասխանեց աղքատը,― աստված ինձ բախտ տվեց, ես շուտով պետք է գնամ իմ բախտը գտնեմ, վայելեմ,― ասաց ու գնաց։ Հետո սիրուն աղջիկը պատահեց ու ճամփորդի առաջը կտրեց.

― Ի՞նչ լուր բերիր ինձ համար։

― Աստված ասաց՝ դու պիտի քեզ համար մի մտերիմ կյանքի ընկեր գտնես, այն ժամանակ էլ տխուր չես լինի, ուրախ ու երջանիկ կլինես։

― Դե որ այդպես է, արի՛, դու եղիր իմ կյանքի մտերիմ ընկերը,― թախանձեց աղջիկը ճամփորդին։

― Չէ՛, ես քեզ ընկերակցելու ժամանակ չունեմ, աստված ինձ բախտ է տվել, պետք է գնամ իմ բախտը գտնեմ, վայելեմ,― ասաց աղքատն ու հեռացավ։

Ճանապարհին սպասում էր սոված գայլը, հեռվից հենց որ տեսավ ճամփորդին, վազեց առաջը կտրեց։

— Հը՛, աստված ի՞նչ ասաց։

― Ախպեր, աստծու մոտ գնալիս քեզանից հետո մի սիրուն աղջիկ ու մի չոր ծառ էլ պատահեցին. աղջիկն ապսպրեց, թե ինչու ինքը չի կարողանում ուրախանալ, ծառն էլ թե՝ ինչո՞ւ է գարուն-ամառ չոր։ Աստծուն պատմեցի, ասաց. «Աղջկանն ասա՝ իրան համար մի կյանքի ընկեր գտնի՝ կբախտավորվի, ծառին էլ ասա՝ քո տակին ոսկի կա, պետք է այդ ոսկին հանեն, արմատներդ հողին հասնեն, որ կանաչես»։ Եկա իրանց պատմեցի աստծու խոսքերը. ծառն ասաց՝ դե արի, հանիր ոսկին տար, աղջիկն էլ թե՝ ես հենց քեզ եմ ընտրում ինձ ընկեր։ Ասացի. «Չէ՛, ախպեր, չեմ կարող, աստված ինձ բախտ է տվել, պետք է գնամ իմ բախտը գտնեմ, վայելեմ»։

— Իսկ ինձ համար ի՞նչ ասաց աստված,— հարցրեց սոված գայլը։

― Քեզ համար էլ ասաց՝ սոված ման կգաս, մինչև մի անխելք մարդ կգտնես, կուտես, կկշտանաս։

— Էլ քեզանից անխելք մարդ ո՞րտեղից գտնեմ, որ ուտեմ,— ասաց գայլն ու կերավ անխելք աղքատին։

Հարցեր և առաջադրանքներ

1․ Բացատրի՛ր.

Ապսպրել – պատվիրել

թախանձել –աղաչել

2․Թվի՛ր հեքիաթի բոլոր հերոսներին: Նրանց անունները գրի՛ր այբբենական կարգով:

Աղջիկ, Աստված, գայլ, մարդ, ծառ։

3․ Պատմի՛ր գայլի, ծառի, աղջկա մասին:

Գայլը չէր սիրում, որ իրեն խաբում էին, որ իրեն ասում էին սոված մնա մինչև ինչ-որ մեկին հանդիպի, որ ուտի։
Ծառը լավ խորհուրդներ էր տալիս և ուզում էր, որ դրանք կատարեն։
Աղջիկը չէր սիրում լացել, սիրում էր ուրախանալ, սակայն չէր կարողանում։

4․ Քեզ ո՞ր հերոսն ամենից շատ դուր եկավ: Ինչո՞ւ:

Ինձ ամենից շատ դուր է եկել գայլը, քանի որ նա ճիտ վարվեց, որ կերավ Ախելք մարդուն։

5․ Ո՞րն է հեքիաթի ամենաանխելք նախադասությունը: Նշի՛ր։

― Քեզ համար էլ ասաց՝ սոված ման կգաս, մինչև մի անխելք մարդ կգտնես, կուտես, կկշտանաս։

6․ Հեքիաթի հերոսներին հարցեր տուր և փորձի՛ր հերոսների անունից պատասխանել ընկերներիդ տված հարցերին։

Աղջկան – Ինչու՞ չես գնացել Անխելք մարդու ետևից, որպեսզի ընկերանայիք։
Գայլին – Ինչու՞ չգնացիր ոսկին հանելու, որպեսզի հարստանայիր։
Ծառին – Ինչու՞ քո ճկուղերով չբռնեցիր Անխելք մարդուն։

7․ Հեքիաթը գայլի անունից համառոտ պատմի՛ր: Պատումը ներկայացրո՛ւ բլոգումդ:

Լինում է, չի լինում մի անխելք մարդ է լինում: Ինչքան աշխատում է, միևնույնն է փող չի վաստակում: Մի օր գնում է Աստծու մոտ: Ճանապարհին գայլին է հանդիպում։ Գայլը հարցրնում է, թե ուր է գնում։
-Աստծու մոտ,- պատասխանեց մարդը։
-Դե, որ գնաս, կասես, թե էս խեղճ գայլին ինչու՞ չի կերակրում։
Մարդը խոսք տվեց, որ ամեն ինչ Աստծուն կասի և շարունակեց ճանապարհը: Մի քիչ հետո հանդիպեց մի աղջկա։ Աղջիկը հարցրեց, թե ուր է գնում։
-Աստծու մոտ,- պատասխանեց մարդը։
-Դե, որ Աստծու մոտ գնաս, կասես մի աղջիկ չի կարողանում ուրախանալ, իրա ճարը ի՞նչ է լինելու:
-Լավ,- ասում է և գնում:
Գնում է, գնում մի չոր ծառի է հանդիպում ու հարցնում է, թե ուր է գնում։ Ծառը պատասխանում է, որ Աստծու ւ մոտ է գնում։
-Դե, որ հասնես, կհարցնես՝ ի՞նչու ես չեմ կանաչում,- ասում է ծառը
-Լավ,- պատասխանեց մարդը և գնաց:
Գնում է շատ, թե քիչ վերջապես հանդիպում է Աստծուն և ասում․
-Բարև։
-Բարև, բարով եկար,- պատասխանում է Աստվածը։ -Ի՞նչ ես ուզում:
-ՈՒզում եմ փող աշխատել։
-Դե լավ, քո բախտը տվեցի, գնա,- ասում է Աստվածը։
-Մի բան էլ ունեմ ասելու,- ասում է մարդը և պատմում բոլորի մասին։
Աստվածը կատարում է բոլորի ցանկությունները:
Հետ գնալուց տեսնում է չոր ծառին։ Ծառը հարցնում է, թե Աստված ինչ ասա իր մասին։ն Մարդը պատասխանում է, որ Աստված ասաց, որ իր տակը ոսկի կա և որ մինչև չհանեն նա չի կանաչի։ Ծառն առաջարկեց, որպեսզի երկուսով հանեն, համ էլ մարդը կհարստանա։ Սակայն մարդը մերժես, քանի որ պետք է շտապերի իր բախտի ետևից, որ վայելի։ Ճանապարհին տեսավ աղջկան ու ասաց, որ նա պոտք է կյանքի մի մտերիմ ընկեր գտնի և այդ ժամանակ կուրախանա։ Աղջիկը մարդուն առաջարկեց իր ընկերը դառնալ։Սակայն մարդը էլի մերժեց և գնաց իր բախտի ետևից։ Հետո հանդիպեց գայլին։ Ասաց, որ Աստված ասել է, որ նա պետեք է մի անուղեղ մարդ ու ուտի և կկշտանա։ Գայլն էլ որոշում է, որ հենց այդ անուղեղը այդ մարդն է ու ուտում է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *