Միշտ գլորվող գնդակը

Published on: Author: levongharibyan Leave a comment

Կար-չկար մի գնդակ կար։ Այդ գնդակը միշտ գլորվում էր, իսկ երբ ուզում էր հանգստանալ, կանգնում էր իր տեղը, բայց անդադար շարժվում էր՝ նույնիսկ իր տեղում կանգնած ժամանակ։ Նրան անհնար էր կանգնենցնել, քանի որ նա շատ արագ էր գլորվում, նույնիսկ արագավազ կենդանիները չէին կարողանում այդ գնդակը կանգնեցնել։ Նա ամեն տեղ գլորվում էր։ Մեկ-մեկ նույնիսկ տարբեր երկրներ էր գլորվում, բայց հետո հետ էր վերադառնում։ Այդ գնդակը նաև  կարողանում էր շենքերի վրայով գլորվել։ Նա երբեք չէր գլորվում ավտոմեքենաների տակ։ Գնդակը ոչ ոքի չէր խանգարում։ Նա շատ խիզախ էր և շատ խելացի ։ Այնքան խելացի էր, որ ոչ մի փշի, մեխի, ասեղի չէր դիպչում, քանի որ հասկանում էր, որ կարող է ծակվել։ Գնդակը կարողանում էր շա՜տ բարձր թռչել։ Անվերջ գլորվում էր և չէր ձանձրանում։ Սակայն մի անգամ այնպես պատահեց, որ հանդիպեց մի շատ չար կախարդի։ Կախարդն այնպիսի կախարդանքով կախարդեց գնդակին, որ նա այլևս չէր կարողանում կանգնել ու հանգստանալ։ Կախարդանքի դեմ ոչ մի դեղ ու ճար չկար։ Եվ այդ կախարդանքի պատճառով էլ գնդակը ոչ մի ընկեր չուներ։ Նա միշտ միայնակ գլորվում էր ու գլորվում։ Երբեմն կանգնում էր, որ ընկեր գտներ, բայց քանի որ նույնիսկ իր տեղում կանգնած կարծես էլի էր գլորվում, ուրիշ գնդակների գլուխը պտտվում էր, և այդ գնդակները բժժում էին ու չէին ցանկանում ծանոթանալ նրա հետ։ Սակայն գնդակը չէր դժգոհում իր կյանքից, քանի որ նա ճամփորդում էր և շատ գեղեցիկ վայրեր էր տեսնում։ Նա նույնիսկ դպրոցներում էր գլորվում և դասերից գիտելիք քաղում։ Ես մոռացա ասել, որ այդ գնդակը նույնպես սնվում էր և խաղում էր ինքն իր հետ։ Օրերից մի օր նա բատուտի վրա այնքան բարձր թռավ, որ հասավ տիեզերք և տարբեր մոլորակների վրայով ճամփորդեց, բացի այն մոլորակներից, որոնք շատ վտանգավոր էին իր համար։ Վերջին մոլորակը, որ նա եղավ, Երկիր մոլորակն էր։ Այնտեղ նա գտավ շա՜տ ու շա՜տ ընկերներ։ Դրանք Երկիր մոլորակի բոլոր մանուկներն էին, ովքեր նրա վրայից հանեցին կախարդանքը։  Գնդակը մինչ օրս ապրում է Երկիր մոլորակի վրա և ամեն օր խաղում ու շարունակ գլորվում իր սիրելի մանուկների հետ։ 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *